«Տերյանական օրերին» կար կինտոների պար, բայց՝ ո´չ Տերյանի դյութական պոեզիա. Դավիթ Ռստակյան
«Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը շատ դժգոհ է վերջին տարիներին, հատկապես՝ այս տարի Ջավախքում անցկացված ամենամյա «Տերյանական օրեր» միջոցառումից:
«Հիմա ֆորմատը փոխվել է, մի երգ հայերեն են երգում, երկուսը՝ վրացերեն, կինտոները պարում են, թե ինչ կապ ունեն դրանք Տերյանի հետ… մեկը չկա, որ Տերյանի դյութական լեզվից խոսի..
Բացի այդ՝ ֆորմատը փոխել են. հյուրերն առաջ բարձրանում էին, բեմից խոսում էին, ավելի հուզիչ էր, խորհրդավոր, հիմա ներքևը աթոռներ են դնում, անվտանգության աշխատակիցը մեր հայ հուդաներին հրաման է տալիս, և նրանք էլ վազելով հո չեն կատարում… կողքից նայես՝ կամաչես, որ դու էլ սրանցից մեկն ես»,-դժգոհեց Դավիթ Ռստակյանը:
Նա մանրամասնեց, որ սա դուր չի եկել ո´չ միայն իրեն, այլև՝ ժողովրդին՝ «խալխին», որն սկսել է գոռալ՝ «Տերյանը հո վրացի չէ՞»:
Վրացահայ քաղաքական գործիչը մանրամասնեց, որ սրանից զզված՝ շատերը լքել են միջոցառումը՝ ասելով՝ «իջե՛ք, ա՛յ խայտառակներ»:
Հիշեցնենք, որ ավանդաբար այս օրերին Ջավախքում անցկացվում են տերյանական օրեր, իսկ Ախալքալակում մի քանի օր անց՝ «Ջիվանական օրերը»:
Նշենք, որ «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մասնակցել է միջոցառմանը, նկատեց.«Համենայն դեպս՝ ես նման բան չեմ արձանագրել .. իհա´րկե, միջոցառմանը նաև Վրաստանի մշակույթի ներկայացուցիչները ելութ ունեցան, բայց չեմ կարծում, որ դա անցանկալի բան է: Թող պոեզիայի տոնին նաև վրացական մշակույթը ներկայանա, ի՞նչ է եղել, որ»:
Ինչ վերաբերում է մեղադրանքին, որ տերյանական խոսք չի հնչել, Տաճատ Վարդապետյանը նկատեց. «Ձեր խոնարհ ծառան արտասանել է»:
Ըստ Տաճատ Վարդապետյանի՝ տերյանական օրը բավականին բազմամարդ էր, և կարելի է ասել՝ հայոց խորհրդարանից այդքան ներկայացուցչական կազմ երբևէ չի մասնակցել այդ միջոցառմանը:
Նշենք, որ մեր պատվիրակության կազմում են Աժ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը, Տաճատ Վարդապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Հովհաննես Սահակյանը, Կարեն Բոթոյանը:










