Նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ օրենքով պատժելի է. Վահագն Չախալյան

12:22 • 21.07.14

Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել՝ 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակման վերաբերյալ։


Հայտարարությունը՝ ստորև։


«Սույնով, ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը:
 

Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի և դատապարտելի է, այլ նաև օրենքով պատժելի:


Արդ, Վրաստանում ազգային և կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ և քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների և մասնակիցների ինքնությունը և օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:


Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում և զարգացումներում, հետևողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության և Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»: