Ռուս երիտասարդին սպանած ադրբեջանցուն 18 տարվա ազատազրկում է սպառնում
Ռուսաստանում դատախազը պահանջում է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին մեղավոր ճանաչել ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության համար և նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Մեղադրող կողմը համոզված է, որ Զեյնալովն է սպանել Շչերբակովին: Նա ցինիկաբար և սառնարյուն կերպով սպանել է նրան»,-ասել է դատախազը:
Իր ելույթի ընթացքում դատախազը նշել է, որ Զեյնալովի մեղքը սպանության մեջ հաստատվում, իսկ նրա վարկածն ինքնապաշտպանության մասին հերքվում է ականատեսների վկայություններով, ինչպես նաև ծնողների հետ նրա խոսակցությունների միջոցով: Մասնավորապես՝ ծնողների հետ շփման ընթացքում Զեյնալովն ասել է, որ ինքը դանակով հարվածել է Եգորի կրծքին և մեջքին, ապա հավելում է. «Ես կգիրանամ, մորուք կպահեմ և կանեմ հնարավորը, որ ինձ չգտնեն»:
Ցուցմունքներում ականատեսները պնդել են, որ Շչերբակովը հանդարտ, ոչ կոնֆլիկտային անձ է եղել: Նա չի խմել, զբաղվել է հեծանվային սպորտով, սնոուբորդով և ֆուտբոլով:
29-ամյա ադրբեջանցի Օրհան Զեյնալովը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի սպանության հոդվածով:
2013թ.-ի հոկտեմբերի 10-ին Զեյնալովն ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել էր 25-ամյա Եգոր Շչերբակովի հետ և դանակով հարվածել էր նրա կրծքին: Ստացած վնասվածքներից ռուս երիտասարդը տեղում մահացել էր:
Սպանությունից հետո Մոսկվայի Բիրյուլևո շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել, որն ավարտվել էր անկարգություններով:










