Հնդկաստանի իշխանությունները վարձել են 40 մարդու, ովքեր կապիկների կոստյումով կքշեն մակականերին խորհրդարանի տարածքից (տեսանյութ)

23:31 • 02.08.14

Հնդկաստանի իշխանությունները վարձել են 40 մարդու, ովքեր կապիկների կոստյումով կվախեցնեն մակականերին՝ քշելով նրանց երկրի խորհրդարանի՝ Նյու Դելիում գտնվող շենքի տարածքից: Ինչպես հաղորդում է ria.ru-ն՝ BBC News-ին հղումով, ներկայում հազարավոր մակականեր զբոսնում են Դելիի փողոցներում, ներառյալ Նյու Դելիի շրջանը, որտեղ տեղակայված է երկրի խորհրդարանը:

 

Նրանք խախտում են քաղաքացիների անդորրը, գրոհում այգիները, աշխատանքային գրասենյակները, անգամ հարձակվում են մարդկանց վրա՝ նրանցից խլելով սնունդը: Այս պատճառով վարձվող աշխատակիցները պետք է լանգուր տեսակի կապիկի ձայներ արձակեն (կապիկի խոշոր տեսակ), որպեսզի վախեցնեն մակականերին:

 

Դելիի փողոցներում հազարավոր կապիկների խրախճանքը դարձել է մեգապոլիսի քաղաքացիների լրջագույն խնդիրներից մեկը: Արդեն արձանագրվել են դեպքեր, երբ կապիկներն անկարգություններ են ստեղծել մետրոյի վագոններում, ներխուժել խորհրդարանի շենք, նաև՝ վարչապետի և պաշտպանության նախարարի գրասենյակներ:

Հնդկաստանում կապիկները սուրբ կենդան են համարվում, ուստի արգելված է նրանց սպանելը: Տեղացիները նույնիսկ կերակրում են նրանց, ուստի նրանց թիվը տարեցտարի ավելանում է: