Լուգանսկին հումանիտար աղետ է սպառնում. քաղաքապետ

15:57 • 02.08.14

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքը ամբողջական շրջափակման և մեկուսացման մեջ է գտնվում, սակայն քաղաքային իշխանությունները առավելագույն ջանքեր են ներդնում և խնդրի լուծման տարբերակներ փնտրում։ Այդ մասին հայտարարել է Լուգանսկի քաղաքապետ Սերգեյ Կրավչենկոն, հայտնում է Корреспондент-ը։ 

Քաղաքապետի խոսքով, օր օրի իրավիճակը վատանում է և այսօր այն «պարզապես ծայրահեղ» է։ 

«Իմ կողմից, ինչպես Լուգանսկի քաղաքապետ, ցանկանում եմ վստահեցնել բնակիչներին՝ ես մնում եմ քաղաքի հետ և կանեմ ամենը, ինչ կախված է ինձանից՝ նրա կենսագործունեությանն աջակցելու համար»,- հայտարարել է քաղաքապետը։ 

«Լուգանսկում իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը և խնդիրների լուծումը, որոնք առաջանում են յուրաքանչյուր րոպե, իր վրա է վերցրել քաղխորհուրդը։ Շարունակվում էր ճանապարհների շինարարությունը, ձմռանը պատրաստվելը, աշխատում էին դպրոցներին կից ճամբարները, մատակարարվում էին սննդամթերք և այլն։ Սակայն այսօր արդեն՝ մի քանի ամիս անց, քաղաքը շրջափակման և անդադար կրակոցների արդյունքում, գտնվում է հումանիտար աղետի շեմին»,- ասվում է հաղորդագրությունում։