Րաֆֆի Հովհաննիսյանը կողմնակից է գյուղացիներին զինելուն

21:19 • 02.08.14

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ է համարում գյուղացիներին զինելը։ «Ես կողմնակից եմ, որ այս լարված վիճակում մեր գյուղացիները, բանակի պաշտպանությունը վայելելուց բացի, զինված լինեն, մենք պետք է ունենանք գյուղացի կամավորներ, ովքեր կարող են ինքնապաշտպանվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

 


Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սահմանին լարվածությունը պայմանավորված է «գործող իշխանությունների կրավորական, հակազդեցիկ և ոչ ադեկվատ քաղաքականությամբ», և մենք որևէ խնդիր չենք դնում միջազգային հանրության, անգամ՝ ռազմավարական դաշնակցի առաջ։
«Այս ամենն արտացոլում է մեր քաղաքականության խեղճությունը, գործող իշխանությունների անիրավ ու ոչ լեգիտիմ վիճակը։ Իսկ երբ իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, հակառակորդները պետք է փորձեն օգտվել դրանից»,-ասաց նա։

 


«Ժառանգության» առաջնորդը համարում է, որ առաջնահերթ պետք է ունենանք սահմանադրական երկիր, երկրորդը՝ ինքնիշխան քաղաքականություն, և եթե մտնում ենք որևէ դաշինքի մեջ և ունենք դաշնակիցներ, նրանք պետք է մեր կողքին կանգնեն։ 
«Մենք ունենք ռազմավարական դաշնակից, ու Հավաքական անվտանգության կազմակերպության մաս ենք կազմում, սակայն մի անգամ այս տարիների ընթացքում, և հատկապես՝ այսօր, չի եղել, որ դաշնակից լինելը երևա սահմանին։ Մենք զոհեր ենք տալիս տասնյակ գյուղերով՝ Չինարիից մինչև Մովսես, Բերքաբեր, և չի երևում, որ Հայաստանն ունի դաշնակից։ Մենք պետք է դուրս գանք խեղճության միջից, պետք է ունենանք սահմանդրական երկիր, լեգիտիմ իշխանություն և ի վերջո՝ պետք է կարղանանք մեր ազգային շահը հետապնդել»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց նաև, որ ինքն առաջնահերթ մեղադրում է ո´չ թե դաշնակիցներին, այլ՝ մեր իշխանություններին ՝ թուլության համար։

 


Անդրադառնալով Արցախի վարչապետի՝ Մադրիդյան սկզբունքներին դեմ լինելու մասին հայտարարությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.«Շատ լավ է, որ Արցախի վարչապետը նման հայտարարություն է արել, մենք մշտապես դեմ ենք եղել Մադրիդյան սկզբունքներին։ Հայաստանի բոլոր իշխանությունները հերթով զիջել են և հասել այդ սկզբունքներին։ Դրանք պետք է չեղյալ հայտարարվեն, պետք է չեղյալ հայտարարվեն հայ-թուրքական արձանագրությունները, ինչպես նաև՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը՝ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Ես համարում եմ, որ սրանք մեր ինքնիշխանության կորստյան չափանիշներ են, և այստեղ մեղքի սլաքն օտարներին չեմ ուղղում, սա մե´ր մեղքն է»։