RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ուկրաինացի լրագրողներին

18:11 • 03.08.14

Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին վրդովեցրել է ուկրաինացի լրագրողների կողմից RT-ի տեսանյութերի գործակալության աշխատակից Ալինա Եփրիմյանին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնելու փաստը: Այդ մասին Սիմոնյանը հայտարարել է «Эхо Москвы» ռադիոընկերությանը տված հարցազրույցում:


«Ես նման բան երբեք չեմ լսել, որ գործընկերներն իրենց ընկերոջը նկարահանումների ընթացքում հանձնեն իրավապահներին միայն այն պատճառով, որ նա այն լրատվամիջոցում է աշխատում, որն իրենց դուր չի գալիս: Այնտեղ նրան ինչ ասես կարող էր պատահել, և գործընկերները դա գիտեին»,- ասել է հեռուստաընկերության խմբագիրը:


Ավելի վաղ Եփրիմյանն ինքն էր պատմել Ուկրաինայում իր ձերբակալման մանրանասները։ Նրա խոսքով՝ ուկրաինացի գործընկերները իր մասին զեկուցել են հատուկ ծառայություններին այն պատճառով, որ իր սարքավորումների վրա նկատել են գործակալության լոգոտիպը:


RT Ruptly-ի նկարահանած բոլոր նյութերն առգրավվել են: Օգոստոսի 1-ին հարցաքննությունից հետո Եփրիմյանը արտաքսվել է Ուկրաինայի տարածքից: