Հալեպի Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարժարանում 1250 աշակերտից մնացել է 680-ը

21:51 • 04.08.14

Հայկական բարեգործական ընդհանուր միության Լազար-Նաջարյան, Գալուստ Գյուլբենկյան-Կենտրոնական վարժարանի տնօրեն Գայանե Թիմպալյանը հայտնեց, որ Հալեպում բավական դժվար կացության մեջ են, և գնալով՝ վիճակը վատթարանում է: Նա նշեց, որ հայ ընտանիքները կարիք ունեն ավելի ապահով շրջաններում ապրելու:

«Մեր վարժարանում 1250 աշակերտից մնացել է մոտավորապես 680-ը, և չգիտեմ, թե նրանցից քանիսը  կմնան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Վարժարանի տնօրենը նշեց, որ այն երեխաները, ովքեր իրենց թղթերը վարժարանից վերցնում էին՝ երկրից հեռանալու համար, իր հարցին, թե ուր են գնում, հարյուրից հիսունը պատասխանում էր՝ Հայաստան:

«Ես՝  որպես տնօրեն, մեծ հավատք ունեմ, որ հայը Հայաստանի մեջ պետք է մնա»,-ասաց Գայանե Թիմպալյանը՝ հավելելով, որ մինչ պատերազմը սիրիահայ համայնքի և ՀՀ-ի միջև համագործակցությունը խորանում էր, Հայաստանի Կառավարությունը երիտասարդների համար ճամբարներ էր կազմակերպում, և սկիզբ էր դրվում ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման գործընթացին:

«Հայաստանը մեզ համար այլևս երազ երկիր չէ, մենք գալիս և զգում ենք այն»,-ասաց նա: