Ադրբեջանում ձերբակալում են զոհերի կապակցությամբ բացատրություն պահանջող ակտիվիստներին
Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ռուսլան Նասիրլին ձերբակալվել է, և ներկայում նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Ինչպես տեղեկացնում է Эхо Ковказа ռադիոկայանը՝ Turan գործակալությանը հղումով, այդ մասին հայտնել է փաստաբան Ասիֆ Յուսուֆլին:
Նրա խոսքով՝ Նասիրլին որևէ հակաիրավական գործողություն չի իրականացրել: Ձերբակալման պատճառը Facebook-ում արած նրա գրառումն է՝ ճակատում մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Նրա ստեղծած ֆեյսբուքյան խումբը պատասխան էր պահանջել գերագույն գլխավոր հրամանատարից:
«Նախ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ռուսլանի հորը: Նրանից պահանջել են, որ որդին ոստիկանություն ներկայանա: Օգոստոսի 2-ին նա ներկայացել է: Ես նրա հետ գնացի Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն, սակայն ճանապարհին ինձ իջեցրին: Ավելի ուշ ասացին, որ Ռուսլանն այնտեղ չէ»,-ասել է փաստաբանը:
Այսօր արդեն տեղեկություններ են տարածվել Բաքվում այլ ձերբակալվածների մասին: Ինչպես տեղեկացնում է haqqin.az կայքը, ձերբակալվել են «Ղարաբաղյան երկրորդ պատերազմ» պահանջող երիտասարդ ակտիվիստները:










