Ադրբեջանական լրատվամիջոցները հերքում են իրենց իսկ տարածած ապատեղեկատվությունը
Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են հերքել միմյանց տարածած սուտ լուրերը:
Մասնավորապես՝ այսօր առավոտյան որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, թե ադրբեջանական բանակը կարողացել է «ազատագրել գրավյալ» Աղդամն ու Ֆիզուլին:
Ստահոդ այս տեղեկությունը կարճ ժամանակ անց տարածվել է սոցցանցերում և դարձել է հանրության քննարկման առարկան: Բաքվում և երկրի տարբեր շրջաններում սկսել են խոսել երկու քաղաքների «վերադարձի» մասին:
Haqqin.az կայքը, սակայն, դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, որի մամուլի ծառայությունը հերքել է տարածված լուրերը:
Միևնույն ժամանակ ՊՆ-ն հայտարարել է 6-7 հայկական դիրքեր գրավելու մասին, և նշել, որ ադրբեջանական մեծաթիվ զորակազմ է տեղակայվել Աղդամի և Ֆիզուլիի ուղղությամբ:
Վերջին տեղեկությունը, սակայն, ևս չի համապատասխանում իրականությանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ թեև օգոստոսի 3-ին և այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում եղել է լարված, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:










