Հանքարդյունաբերությունն անկախության տարիներից ի վեր սարսափելի վնասներ է տվել բնակչության առողջությանը. Կ.Դանիելյան

20:23 • 04.08.14

Բնապահպան Կարինե Դանիելյանն սկզբունքորեն դեմ է այն մոտեցմանը, որ երկրի զարգացման առաջնային ուղղություններից մեկը հանքարդյունաբերության զարգացումն է, քանի որ անկախության տարիներից սկսած՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը սարսափելի վնասներ է տվել Հայաստանի բնակչության առողջությանը։
Tert.am –ի հետ զրույցում Կարինե Դանիելյանը, մեկնաբանելով այն փաստը, որ Գնդեվազի ավելի քան 200 բնակիչ պահանջում է կանգնեցնել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը՝ դիմելով Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով խորհրդականի՝ Օմբուդսմենի ապարատին, ինչի մասին հայտնել էր «Էկոլուր» -ը:



«Շատ բացասական վերաբերմունք ունեմ բաց հանքերի ինտեսիվ զարգացմանը՝ անկախ նրանից՝ դա ջրայի՞ն տարածք է, ձևավորվո՞ղ ջրերի տարածք է, անտա՞ռ է և բնակավայերին մո՞տ է, թե՞ ոչ:  Մենք Կառավարությանը ներկայացրել ենք մի քանի ուղղություն, ես Նախագահի՝ Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ էլ եմ խոսել այդ մասին։ Մենք արդեն ունենք պոչամբարներ, որոնք լիքն են նյութերով, պետք չէ նոր հանքեր բացել»,-նշեց բնապահպանը:

 

Ըստ Կարինե Դանիելյանի՝ Գնդեվազի բնակչնեը ճիշտ ճանապարհին են, և նրանց պետք է լսել:
Հարցին՝ կարելի՞ է հույս ունենալ, որ միջազգային հանրությունը կարող է մեր իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրին, բնապահպանը պատասխանեց. «Միջազգային հանրությունը երկու տարբեր խմբերից է բաղկացած, մի մասը մտահոգ է մոլորակի, շրջակա միջավայրի խնդիրներով, փորձում է աջակցել, իսկ մյուս մասն զբաղվում է բիզնեսով: Իրենք բավականին հզոր են,  և պատահական չէ, որ մենք դարձանք հումքային կցորդ երկիր, որովհետև հենց միջազգային հանրությանը դա շատ ձեռնտու է»։