Մադրիդի կենդանաբանական այգում մեկ միլիոն եվրոյի թալան է տեղի ունեցել
Մադրիդում տեղական կենդանաբանական այգու երկու աշխատակից է ձերբակալվել, ովքեր այգու տոմսերի ապօրինի վաճառքից ավելի քան մեկ միլիոն եվրո են վաստակել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Mundo օրաթերթին:
Կենդանաբանական այգու աշխատակիցները մուտքի տոմսերն ապօրինի կերպով վաճառել են Zoo Aquarium-ի դրամարկղերից մեկից: Ընդհանուր վնասը 1.168.147 եվրո է կազմել: Կալանավորներից մեկը տոմսարկղի, իսկ երկրորդը՝ համակարգչային ծրագրերի ապահովման աշխատակից է եղել:
Հենց ծրագրավորողին է հաջողվել ջարդել հսկողության օպերացիոն համակարգի կոդերը: Հարձակվողները բանկային քարտերով վճարումների համար շարժական տերմինալ են վարձակալել, որի օգնությամբ միջոցները անմիջապես տեղափոխվել են նրանց անձնական բանկային հաշվին:
Ազգությամբ իսպանացի 30 և 55 տարեկան 2 կալանավորին փաստաթղթերի կեղծման և փողերի ապօրինի յուրացման գործով մեղադրանք կներկայացվի:










