Սա նոր տեսակի՝ ահաբեկչական պատերազմ է. Միհրան Հակոբյանը՝ ադրբեջանական դիվերսիաների մասին

13:30 • 04.08.14

Tert.am–ի հետ զրույցում ԵՊՀ Ադրբեջանական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Միհրան Հակոբյանը, անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական զինուժի դիվերսիաների և դրանց հետևանքով նրանց կրած մարդկային վնասների մասին, ասում է, որ Ադրբեջանում տրամադրությունների անկում է նկատվում, քանի որ ադրբեջանական զինուժի հզորության մասին այդ երկրի նախագահի հայտարարություններն այլևս ի չիք են դառնում։ Նա նաև ասում է, որ սա նոր տեսակի պատերազմ է, 1990-ականների սկզբների պատերազմից որակապես տարբերվող պատերազմ, ահաբեկչական պատերազմ է և նման է արաբա-իսրայելական պատերազմներին, երբ լայնամասշտաբ գործողություններ քիչ են լինում, իսկ հիմնական գործողություններն ընթանում են փոքր, բայց լավ պատրաստված խմբերով սահմանային մարտերում:

– Ադրբեջանական զինուժը լուրջ կորուստներ է ունեցել վերջին օրերին իր իսկ իրականացրած դիվերսիոն գործողությունների հետևանքով։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում Ադրբեջանում, արդյո՞ք նրանց բանակի մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները միֆի ժանրից չեն։


– Ադրբեջանում, իրոք, տրամադրությունների անկում է նկատվում: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ներքին լսարանին ուղղված Ալիևի քարոզչական աշխատանքը հակառակ արդյունք է տալիս: Մարդիկ հավատացել են բանակի հզորությանն ու հիմնահարցի ուժային ճանապարհով լուծմանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ Ադրբեջանի իշխանության հռետորաբանական հայտարարությունները իրականության չեն համապատասխանում, 2-3 օրվա կտրվածքով բանակը շփման գծում մոտ 25-30 զոհ է ունենում: Հասարակական հիասթափությունը ցանկացած երկրում հղի է լուրջ վտանգներով: Թերևս, սա է հիմնական պատճառը, որ ադրբեջանական մամուլը փորձում է հայկական կողմի զոհերի մասին կեղծ տեղեկատվություն տարածել:


– Նշեցիք հիասթափության մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների գործողությունները քարոզչության հարթությունում։


– Ադրբեջանի իշխանությունը փորձում է ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից: Մի կողմից, պետք է լեգենդներ հորինել` ինչ-որ կերպ վերջին օրերի տասնյակ զոհերի խնդիրը բացատրելու համար, մյուս կողմից` թույլ չտալ Ադրբեջանի ժողովրդի մոտ կասկածների խորացմանն առ այն, որ միլիարդավոր դոլարների ներդրումը պաշտպանական ոլորտում, մեծածավալ սպառազինության ձեռք բերումը որևէ կերպ չեն խախտել ռազմական հավասարակշռությունը` Ադրբեջանի բանակին չտալով ոչ ստրատեգիական, ոչ էլ տակտիկական առավելություն: Ավելին` տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովուրդը իր պաշտոնյաների, և առաջին հերթին` նախագահի շուրթերից լսել է, որ հայկական բանակը վատ է զինված, սոված է, վառելիք չունի, սարքին տեխնիկա չունի, և հիմա պարզվում է, որ այդ բանակը շատ ավելի արդյունավետ է գործում շփման գծում, քան գովազդված ադրբեջանականը: Իսկ սա բացատրելը դյուրին գործերից չէ:


– Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի հայկական կողմը։


Չէի ցանկանա, որ մենք կերակրվենք ադրբեջանցիների զոհերի մասին տեղեկատվությամբ: Դա թմրադեղի ազդեցություն ունի և ոչ մի օգուտ չի պարունակում մեզ համար: Թերևս, խնդիր ունենք գիտակցելու, որ մենք պատերազմում ենք, սա նոր տեսակի պատերազմ է, 1990-ականների սկզբների պատերազմից որակապես տարբերվող պատերազմ: Ադրբեջանը խնդիր ունի հարցը լարված պահել, իսկ վերջին գործողությունները միայն ձևի մեջ են հետախուզադիվերսիոն բնույթի, իսկ բովանդակային առումով սա ահաբեկչական պատերազմ է: Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն ու հասարակությանը պատրաստենք նոր իրողությունների: Ինչ-որ առումով այս պատերազմը նման է ժամանակակից արաբա-իսրայելական պատերազմներին, երբ լայնամասշտաբ գործողություններ քիչ են լինում, իսկ հիմնական գործողություններն ընթանում են փոքր, բայց լավ պատրաստված խմբերով սահմանային մարտերում:


– Ըստ Ձեզ, վերջին օրերի դիվերսիոն հարձակումները ինչպես կազդեն ԼՂ բանակցային գործընթացի վրա։


Ադրբեջանը կամա թե ակամա փոխեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների բովանդակությունը: Կարելի է ենթադրել, որ ոչ թե վերջանական կարգավորման բանակցություններն են այսուհետ առաջնայինը լինելու, այլ 1994թ.-ի հրադադարի ռեժիմի պայմանագրի վերահաստատումը: Դժվար է ասել պաշտոնական Բաքուն հաշվարկել էր, որ հայտնվելու է այս ծուղակում, թե ոչ, բայց հավանականությունը շատ մեծ է, որ առաջիկայում բանակցությունների հիմնական թեման լինելու է հրադադարի ռեժիմի վերահաստատումը` հետին պլանում թողնելով «մադրիդյան» և այլ տեսակի փաստաթղթերի քննարկումը: