Արձանագրվել են սնկից թունավորման դեպքեր. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:14 • 04.08.14

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Այսպես՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով, 2013թ. նույն ժամանակահատվածում` 16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի` սննդում օգտագործելու պատճառով: 

Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: 

Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում. 

• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: 

• Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: 

• Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել:

• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման: