ԵԱՀԿ-ն պետք է կանխի ադրբեջանական ագրեսիան. «Հայ դատի» հանձնախումբ

22:02 • 04.08.14

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին օրերին իրականացրած հարձակումների վերաբերյալ: 


«Ադրբեջանի կառավարության՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահտվածում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ միջսահմանային գոտում իրականացրած հարձակումներն անխոհեմ ռազմական ագրեսիայի վերջին օրինակներն են՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերի ֆոնին», - ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:


«Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում անմիջականորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, նպաստում է անպատժելիության վտանգավոր մթնոլորտի արմատավորմանը, ինչն, իր հերթին, հանգեցրել է բռնության վերջին սրացումներին: Ժամանակն է, որ միջնորդները հրաժարվեն ադրբեջանական կողմի յուրաքանչյուր հարձակմանն արհեստական սառնասրտությամբ ու դիվանագիտական երկխոսությամբ պատասխանելու սովորությունից: Միայն դատապարտելով ադրբեջանական ագրեսիան՝ նրանք կարող են հուսալ, որ կկարողանան կասեցնել Կովկասում պատերազմ վերսկսելու Ալիևի ձգտումը: Առաջին ու կարևոր քայլը պետք է լինի ԵԱՀԿ հովանու ներքո Բաքվին հասցեագրված միջազգային արշավը, որով Ադրբեջանից կպահանջվի ետ քաշել իր բոլոր դիպուկահարներին շփման գծից, առաջարկ, որին արդեն 3 տարի է՝ հավանություն են տալիս Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը»,- ասված է հայտարարության մեջ: