Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը կքննարկի Հայաստան-սփյուռք համագործակցության խնդիրները
ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ օգոստոսի 4-8-ը Աղվերանում կանցկացվի Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ խորհրդաժողովին կմասնակցի 134 ներկայացուցիչ՝ 19 երկրներից:
ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաժողովը միացրել է Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենների, ուսուցիչների՝ միասին քննարկելու Հայաստան-սփյուռք համագործակցության խնդիրները կրթության ոլորտում, Հայաստանում ընթացող բարեփոխումները, Սփյուռքի հայկական դպրոցների, հայեցի դաստիրակության և կրթության խնդիրներ:
«Ընդհանուր խնդիրները՝ հայոց լեզվի, հայկական մշակույթի պահպանումն է սփյուռքում, որպեսզի հայ երեխաները հնարավորություն ունենան սովորել և պահպանել հայերենը և հայկական մշակույթը»,- ասաց նա:
Ըստ փոխնախարարի՝ խորհրդաժողովը բավականին արդյունավետ է այն տեսանկյունից, որ օգնում է շփումներին, համատեղ ծրագրերի մշակելուն, համագործակցությունը խորացնելուն:
Իր բացման խոսքում Կարինե Հարությունյանն ասաց, որ առաջին անգամ Համահայկական կրթական խորհրդաժողովն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող դպրոցական միջոցառումների անցկացման և համապատասխան նյութի դասավանդման խնդիրներին:
Բացմանը ներկայացվեց նաև ՀՀ Նախագահի ուղերձը, որով Նախագահը ողջունում էր խորհրդաժողովի մասնակիցներին և նշում, էր այն հնարավորություն է ստեղծում համախմբելու բոլորին՝ ազգային-կրթական խնդիրները քննարկելու շուրջ:
Նախագահն իր ուղերձում անդրադարձել է նաև աշխարհասփյուռ հայության դերին՝ նրանց համարելով ազգային ինքնությունը պահպանող շարժիչ ուժ: «Նման միջոցառումներն անհրաժեշտ են, մաղթում եմ արգասաբեր աշխատանք»,- ասված էր ուղերձում:
Բացմանը հնչեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնության գրերը: ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը իր ելույթում ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն աջակցում է նման ծրագրերին: «Հայոց լեզվի, անհատականության պահպանողը ուսուցիչներ են»,- ասաց նա:










