Սաակաշվիլիի պաշտպանությունը դիմել է Թբիլիսիի վերաքննիչ դատարան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և երկու նախկին նախարարների՝ Զուրաբ Ադեիշվիլիի և Դավիդ Կեզերաշվիլիի պաշտպանությունը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել նախնական կալանքը ծառայողական լիազորությունները գերազանցելու մեղադրանքի առնչությամբ, դիմել է Թբիլիսիի վերաքննիչ դատարան, գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:
Թբիլիսիի քաղաքային դատարանն օգոստոսի 2-ին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը և հեռակա կարգով որպես խափանման միջոց նախնական կալանք սահմանել Սաակաշվիլիի, ինչպես նաև արդարադատության և պաշտպանության նախկին նախարարներ Ադեիշվիլիի և Կեզերաշվիլիի նկատմամբ:
Քննությունն ընթանում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը յուրացնելու և հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլիի գույքի բռնագրավման մասին քրեական գործով: Այդ գործում ներգրավված են նաև կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
«Դատարանը հաշվի չի առել մեր ներկայացրած փաստարկները: Մասնավորապես՝ առաջինն այն է, որ մեղադրանքի մասին որոշումը կայացվել է առանց ապացույցների. դատախազությունը սկզբից մեղադրանք է ներկայացրել, իսկ հետո միայն սկսել հարցաքննել Բուրջանաձեին և ստեղծել ապացույցներ: Կոնկրետ թիրախային խումբը Միխեիլ Սաակաշվիլին է և նրա մերձավոր շրջապատը, մնացածը նրանց չի հետաքրքրում: Դա նշանակում է, որ այդ անձանց քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է»,- հայտարարել է փաստաբան Օտար Կախիձեն:










