Սաակաշվիլիի նկատմամբ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել
Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին չի բացառում, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ, ով մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման համար, միջազգային հետախուզում կհայտարարվի, գրում է РИА Новости-ն։
Սաակաշվիլին, ինչպես նաև երկրի արդարադատության և պաշտպանության նախկին նախարարներ Զուրաբ Ադեիշվիլին և Դավիդ Կեզերաշվիլին մեղադրվում են, մասնավորապես, 2007թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության յուրացման համար։
«Սաակաշվիլիի հանդեպ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը, իսկ այս դեպքում նա ունի որոշակի պարտավորություն՝ ներկայանալ դատարանի առաջ, և կարող են կիրառվել օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային, որպեսզի այդ մարդը կանգնի դատարանի առաջ»,- հայտարարել է Ցուլուկիանին։ Ընդ որում՝ նա ընդգծել է, որ նման իրավական գործողությունները գործում են ցանկացած մեղադրյալի դեպքում, ոչ միայն Սաակաշվիլիի։
«Միխեիլ Սաակաշվիլին շարքային մեղադրյալ է»,- ասել է նախարարը։










