Ուկրաինան 500 ռուս գործչի նկատմամբ պատժամիջոցներ է պատրաստվում սահմանել
Ուկրաինան պատժամիջոցների նոր ցուցակ է պատրաստում, որի մեջ ներառվելու են 500 ռուս գործիչներ. ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
«Մենք այժմ մեր կողմից պատրաստում ենք շուրջ 500 ռուս գործիչների ցուցակը, որոնց մուտքն Ուկրաինա կարգելվի: Նրանք են Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի մասնատումը ողջունողներ»,- գրել է նա:
Գործիչն այդ հայտարարությունն արել է պայմանավորված Օդեսայում տեղի ունեցած անկարգություններով:
Ավելի վաղ «Աջ սեկտոր» և «Ազատություն» խմբավորումներն անկարգություններ էին արել Օդեսայի ակումբներից մեկում՝ երգչուհի Անի Լորակի համերգի ժամանակ:
Ուկրաինան մտադիր է նաև առաջիկա օրերին պատժամիջոցներ սահմանել ռուսական կապիտալով ընկերությունների դեմ, ինչպես դա արդեն արել են ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ ուկրաինական կառավարության աղբյուրների հղումով:
Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնցում ռուսական կապիտալի մասնաբաժինը գերազանցում է 50 տոկոսը: Պատժամիջոցներն ազդելու են ֆինանսական ոլորտի, նավթագազային սարքավորումների և ռազմատեխնիկական համագործակցության վրա:
Աղբյուրի խոսքով՝ Ուկրաինայի հարկային պետական ծառայությունն արդեն կառավարությանն է հանձնել համապատասխան ցուցակը, որում ներառված են «մինչև հազար ընկերություններ»:
Սակայն պատժամիջոցներ կիրառվելու են հիմնականում այն գործարարների նկատմամբ, որոնք կապված են ռուսական պետական ընկերությունների հետ:










