Անկախության տարիներին 4 անգամ աճել է բուհերի թիվը. ԿԳ փոխնախարար

12:04 • 05.08.14

Անկախությունից մինչ այսօր չորս անգամ աճել է բուհերի թիվ, ինչպես նաև աճել է բարձրագույն կրթություն ստացողների թիվը, և այսօր ունենք մոտավորապես 300 000 ուսանող, այս մասին Աղվերանում անցկացվող Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովին տեղեկացրեց ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:


«Բյուջեի 10 տոկոսը հատկացվում է կրթության ոլորտին»,-ասաց նա Կարինե Հարությունյանը և ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է կրել կրթական հաստատությունների ցանցը՝ այս տարիների ընթացքում:


Փոխնախարարն ասաց, որ փոփոխվել է գնահատման և քննությունների համակարգը, դպրոցներում նոր առարկաներ են ներդրվել, մասնավորապես՝ շախմատ առարկան: Նա նաև կարևորեց ուսուցիչների վերապատրաստման, տնօրենների հավաստագրերի գործընթացները:


«2014 թվականին ամբողջ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձը 152 հազար դրամ է կազմում, համեմատության համար ասեմ, որ 96 թվականին այն ԱՄՆ 10 դոլարին համարժեք գումար էր կազմում»,- ասաց նա:


Համաժողովի մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե բողոքներ կան, որ կրթական ծրագրերը և ավարտական քննությունների առաջադրանքները չեն համապատասխանում և առանց լրացուցիչ պարապմունքի երեխան չի կարող ընդունվել բուհ, ԿԳ նախարարի տեղակալը պատասխանեց, որ թեև հաշվի են առնվում մասնավոր բողոքները, այնուամենայնիվ, նախարարությունը նայում է երկրի ընդհանուր պատկերին, և ըստ այդմ՝ դիմորդների միայն մեկ տոկոսը է չի ընդունվել բուհ, այսինքն՝ 12 հազարից միայն հազարը չի ընդունվել:


«Բոլոր կրթական առաջադրանքները կազմված են դպրոցական դասագրքերի, դասածրագրերի հիման վրա: Կա՞ արդյոք մի երկիր, որտեղ բուհ կարելի է ընդունվել առանց լրացուցիչ պարապմունքի»,-հարցրեց Կարինե Հարությունյանը և ավելացրեց, որ երեխաներին լրացուցիչ պարապմունքերի տալը ծնողների որոշումն է: