Ժխտելով Ցեղասպանությունը՝ Թուրքիայի իշխանությունները դառնում են մեղսակից և ժառանգորդ. ԱԳ փոխնախարար

16:43 • 05.08.14

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Ցեղասպանությունը պետական քաղաքականություն է, և մարդկության դեմ այդ հանցագործության պատասխանատուն իշխանություններն են, ոչ թե ժողովուրդը:


«Եթե Թուրքիայի ներկա իշխանությունները ոչ միայն չեն ընդունում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, այլ նաև փորձում են ժխտել, դրանով նրանք դառնում են Օսմանյան կայսրության իշխանությունների մեղսակից և ժառանգորդ: Ժխտողականության դեմ պայքարը այսօր դառնում է Ցեղասպանության կանխարգելման կարևոր գործոններից մեկը»,-ասաց նա:


Շավարշ Քոչարյանը գտնում է, որ այս պայմաններում կարևոր է ուժգնացնել միջազգային հանրության զգոնությունը, որպեսզի թույլ չտրվի պարարտ հող ստեղծել մարդկության դեմ այլ հանցագործությունների իրականացման համար: «Այդ ուղղությամբ մեր դիվանագետները համապատասխան աշխատանքներ են տանում միջազգային հարթակներում»,-ասաց նա:


ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ այս պայքարում մեր գործընկերները կարող են դառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրները: «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, հայտնի է, որ Իսրայելը դեռ ճանապարհ ունի անցնելու, սակայն այդ առումով նոր զարգացումների ականատես ենք: Շատ արագ է փոխվում տարածաշրջանում իրավիճակը, երեկվա դաշնակիցները կարող են դառնալ թշնամի, և այս արագ փոփոխվող իրավիճակում մենք պետք է ուշի ուշով հետևենք և փորձենք առավելագույնս օգտագործել այն հնարավորությունները, որոնք մեզ ընձեռվում են»,-ասաց նա:


ԱԳ նախարարի տեղակալը գտնում է, որ Ցեղասպանության կանխարգելումը և հետևանքների վերացումը կարող է տեղի ունենալ միջազգային հանրության կողմից իրագործողների դատապարտման և զոհերի իրավունքների ճանաչման միջոցով: «Սա է բանաձևը, որով առաջնորդվում է ՀՀ-ն»,-հավելեց նա: