Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան Արիֆ Յունուսը

13:07 • 05.08.14

Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան Արիֆ Յունուսը:

Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Յունուսն այսօր ձերբակալվել է այն ժամանակ, երբ սնունդ է տարել Բաքվում ձերբակալված իր կնոջը, տեղեկանցում է ադրբեջանական Turan գործակալությունը:

 

Նախ Արիֆ Յունուսին տեղափոխել են Յասամալի շրջանի ոստիկանության բաժանմունք: Հետո նրա փաստաբանին հաղորդել են, որ իրավապաշտպանին տեղափոխել են ծանր հանցագործությունների քննչական վարչություն՝ քննիչ Իբրահիմ Լեմբերանսկու մոտ:

 

Փաստաբանն ասել է, թե Արիֆ Յունուսին կարող են կալանավորել:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ձերբակալվել էր նրա կինը՝ Լեյլա Յունուսը: Դեռ այն ժամանակ մտավախություն կար, որ կձերբակալվի նաև Արիֆ Յունուսը:

 

Լեյլա Յունուսին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել Հայաստանի օգտին լրտեսելու, խարդախությունների, հարկերից խուսափելու համար: