Հայաստանի թիմը երկրորդն է Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության առաջին օրվա տվյալներով (լուսանկարներ, տեսանյութ)

13:54 • 05.08.14

ՌԴ-ում անցկացվող Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության առաջին օրվա արդյունքներով Հայաստանի թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջինը Ռուսաստանի Դաշնության թիմն է, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Լավագույն եռյակը եզրափակում է Ղազախստանը:

 

ՌԴ-ում անցկացվող մրցաշարի գլխավոր մրցավար, գեներալ-լեյտենանտ Յուրի Պետրովը նշել է, որ Ռուսաստանը գրանցել է 26 րոպե 39 վայրկյան արդյունք:

 

Հայաստանի թիմի ցուցադրած արդյունքը եղել է 28 րոպե 58 վայրկյան, իսկ Ղազախստանինը՝ 29 րոպե 53 վայրկյան:

 

Պետրովի խոսքով՝ առանց տուգանային ժամանակի ելույթ են ունեցել երեք հավաքականներ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Չինաստանի:

 

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը մեկնարկել է երեկ և շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը: Դրան մասնակցում են Ռուսաստանը, Անգոլան, Հայաստանը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և այլ երկրներ: Ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ մասնակցում են դիտորդի կարգավիճակով: