Զորքի առաջխաղացման մասին ադրբեջանական կայքերի տարածած սուտ լուրերը հերքում է անգամ Ադրբեջանի ՊՆ-ն

15:49 • 05.08.14

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ հերքել է որոշ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած սուտ տեղեկությունն այն մասին, թե ադրբեջանական ուժերն առաջընթաց են գրանցել Աղդամի և Ֆիզուլիի ուղղությամբ:

 

Haqqin.az-ի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագըֆ Դյարգյախլըն ասել է, որ հակամարտության գոտում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին տեղեկությունները տեղադրվում են գերատեսչության կայքում:

«Ցանկացած այլ տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում»,-ասել է Վագըֆ Դյարգյախլըն:

 

Կայքի՝ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, հերքել են ադրբեջանական զորքի առաջխաղացման մասին տեղեկությունը:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրականությանը չհամապատասխանող նման լուրեր տարածել էին նաև երեկ, ինչն ադրբեջանական հասարակության մեջ ոգևորության և բուռն քննարկումների պատճառ էր դարձել, սակայն կարճ ժամանակ անց դարձյալ հերքվել էին: