Առկա են Գազայում ռազմական հանցագործությունների ակնհայտ ապացույցներ. Պաղեստինի ԱԳՆ
Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ Մալիքին Հաագայում Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առկա են Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների ակնհայտ ապացույցներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ նրա՝ Պաղեստինն ամեն ջանք գործադրում է Միջազգային դատարանի լիիրավ անդամ դառնալու համար, ինչը հնարավորություն կտար հետաքննել այդ հանցագործությունները:
Իսրայելի հատուկ ռազմական գործողությունը Գազայում արդեն առաջացրել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ղեկավարների դժգոհությունը:
Այսպես, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների քննադատությամբ: Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծումը, իսկ ԱՄՆ-ին էլ՝ միջոցներ ձեռնարկել «իսրայելական ագրեսիան» զսպելու համար:










