Կիևի կենտրոնում ռեստորան գրավելու փորձի համար 30-ից ավելի մարդ է ձերբակալվել
Կիևի ոստիկանությունը ձերբակալել է 32 մարդու, այդ թվում՝ երկու անչափահասի, քաղաքի կենտրոնում ռեստորան գրավելու փորձի համար, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Ուկրաինայի ՆԳՆ-ին հղումով:
Դեպքի վայրում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 7 սարք, որոնք նման են եղել ատրճանակների,12 զրահաբաճկոն, 11 մահակ, 8 դանակ և կացին, ինչպես նաև պայթուցիկ հիշեցնող սարքեր ու մարտական նռնակներ:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Եվգենի Դեյդեյն ասել է, որ «զրույցի ժամանակ ձերբակալվածները չեն թաքցրել, որ ռեստորան են եկել, քանի որ իրենց վճարել են դրա համար»:
Ռեստորանը գրավելու փորձն արվել է երեկ երեկոյան: Նախ հաստատություն է եկել 15 մարդ, որոնք ներկայացել են որպես «Մայդանի ինքնապաշտպանության» անդամներ: Նրանք պահանջել են իրենց հարկ վճարել վերջին 6 ամիսների համար կամ ազատել շինությունը:
Երբ աշխատակիցները մերժել են, Մայդանի կողմնակիցները նրանց դուրս են բերել ռեստորանից և, փոխելով կողպեքները, բարիկադավորվել ներսում:
Դեպքի վայր են եկել ոստիկաններն ու հատուկջոկատայինները: Քիչ անց եկել են նաև 40 զինված անձինք, որոնք դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը:










