Շփման գծում իրավիճակի սրումը կապված է Ալիևի՝ ճամբարի ընտրության որոշումը հետաձգելու ցանկության հետ. Ա. Մելիքյան

19:32 • 05.08.14

Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախար Արման Մելիքյանը, անդրադառնալով սահմանային միջադեպերին և հայ-ադրբեջանական շփման գծում վերջին դիվերսիոն միջադեպերին, նշեց.« Շփման գծում իրավիճակի սրումը պայմանավորված է Ալիևի կողմից ճամբարի ընտրության վերաբերյալ որոշումը հետաձգելու ցանկությամբ. նա պետք է հստակ ասի՝ արդյոք Ռուսաստանի՞ կողքին է, թե՞ նախընտրում է անցնել Արևմուտքի ճամբար: Առայժմ նա գերադասում է ժամանակ ձգել՝ ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով»:

 

- Այս լարված իրավիճակում ի՞նչ արդյունքներ կարել է սպասել Սարգսյան- Ալիև-Պուտին հանդիպումից:

 

- ՀՀ և ԱՀ նախագահների առաջիկա հանդիպումից կարելի է ակնկալել ճակատային գծում իրավիճակը հանդարտեցնելու և բանակցային սեղանի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրտուքը շարունակելու վերաբերյալ հավաստիացումներ: Կարգավորման գործընթացում առկա բանակցային հիմնադրույթների կիրառմամբ խաղաղ լուծում ակնկալելն իրատեսական չէ, սակայն խաղաղության պահպանման հեռանկարի տեսանկյունից՝ բանակցային գործընթացն արժի, որ շարունակվի՝ մինչև նոր գաղափարների ի հայտ գալը:


-Սահմանին այս իրավիճակը որքանո՞վ է պայմանավորված երեք նախագահների առաջիկա հանդիպմամբ:


- Շփման գծում իրավիճակի սրումը պայմանավորված է Ալիևի կողմից ճամբարի ընտրության վերաբերյալ որոշումը հետաձգելու ցանկությամբ՝ նա պետք է հստակ ասի՝ արդյոք Ռուսաստանի՞ կողքին է, թե՞ նախընտրում է անցնել Արևմուտքի ճամբար: Առայժմ նա գերադասում է ժամանակ ձգել՝ ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով:


-Հանդիպման առաջարկը հնչել էր Ֆրանսիայից , բայց չկայացավ Փարիզում, կայանելու է Սոչիում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:


-Հանդիպման կազմակերպմանը մասնակցեցին բոլոր համանախագահները. Ֆրանսիան հանդես եկավ այն կազմակերպելու առաջարկով, ԱՄՆ-ն հորդորեց այդ հանդիպումը հնարավորինս արագ կազմակերպել, իսկ Ռուսաստանն էլ առաջարկեց այն անցկացնել Երևանից ու Բաքվից ոչ շատ հեռու գտնվող Սոչիում, հավանաբար՝ չցանկանալով, որ պարոնայք Ալիևն ու Սարգսյանը ճանապարհի վրա շատ ժամանակ ծախսեն:


-Համանախագահները, ինչպես նաև՝ Քեթրին Էշթոնը, դատապարտեցին սահմանային միջադեպերը, բայց՝ կրկին անհասցե, առանց կոնկրետ նախաձեռնող կողմի անունը նշելու: Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն նման հայտարարությունները, և ի՞նչ պետք է անեն ու չեն հաջողում անել հայկական կողմերը՝ գոնե հիմա հասցեական պատասխան ստանալու համար:

 

- Այս պահին բոլոր երրորդ պետությունները կգերադասեն համահավասար հեռավորություն պահպանել հակամարտության կողմերի հանդեպ և վերջիններիս դիտարկել միևնույն հարթությունում:


- Հնարավո՞ր է, որ այս գործողությունները հանգեցնեն պատերազմի:

 

-Լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը կա, սակայն դրա հավանականությունն առայժմ բարձր չէ: