Ռուսաստանի ՊՆ-ն խորհուրդ է տվել Փսակիին ատլաս օգտագործել

17:14 • 05.08.14

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգված է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսակիի «աշխարհագրական հիմնարար գիտելիքների բացակայությամբ» և խորհուրդ է տվել հայտարարությունների պատրաստման ժամանակ ատլաս օգտագործել, գրում է gazeta.ru-ն:


Պաշտպանության նախարարությունն արել է այդ հայտարարությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել «ուկրաինական սահմանի մոտ» Ռուսաստանի ռազմաօդային ուժերի զորավարժությունների առնչությամբ:

 

Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Աստրախանի շրջանում գտնվող Աշուլուկի պոլիգոնը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից մոտ 1.000 կիլոմետր հեռավորության վրա:

 

«Այդ պատճառով, նման հայտարարություններ պատրաստելու ընթացքում, միջազգային հանրությանն անհանգստացնելուց առաջ, օգտակար կլիներ ուսումնասիրել ոչ միայն սոցիալական ցանցերի տեղեկությունները, այլև դիմել պաշտոնական աղբյուրների, օրինակ՝ համացանցում Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքի և աշխարհագրական ատլասի օգնությանը»,- հիշեցրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: