Այն տղաները, որոնք այս օրերին դիվերսիոն գործողություններ են կանխել, ճիշտ կլիներ` շփում ունենային հոգեբանի հետ. Կարինե Նալչաջյան

19:54 • 05.08.14

Ճիշտ կլիներ, որ այն տղաները, որոնք այս օրերին դիվերսիոն գործողություններ են կանխել, ոչնչացրել թշնամուն ու տեսել, թե ինչպես է ընկերը վիրավորվել, հոգեբանի հետ շփում ունենան: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ բացատրելով, որ հատկապես` երիտասարդ զինվորներն ամեն օր չէ, որ հայտնվում են նման իրավիճակում, դրանք մարդու համար արտակարգ իրավիճակներ են:

 

«Այդ տղաների ապրումների արտահայտումը անհրաժեշտություն է, քանի որ կան հոգենաբական աշխատանքի ձևեր, որոնք կօգնեն տղաներին՝ լիցքաթափվել այդ օրերի ապրումներից: Թեկուզ հերոսացել է տղան, նրա հետ նույնպես հոգեբանի աշխատանք է պետք: Նման սուր իրավիճակներում հոգեբանի յուրահատուկ աշխատանքի կարիք միշտ կա»,-ասաց Կարինե Նալչաջյանը:


Հոգեբանը միաժամանակ նշեց, որ հոգեբանի կարիք բանակում միշտ կա, ընդ որում՝ ընդգրլեվո տարբեր ոլորտներ՝ բանակում զինվորների ադապտացման խնդիրներից մինչև միջանձնային հարաբերություններ:


«Հենց հիմա մենք մի համագործակցություն ենք սկսում պաշտպանության նախարարության և Եվրոպական ակադեմիայի միջև: Բանակում հոգեբանական սուպերվիզիաների ցիկլ ենք սկսում, այսինքն՝ հոգեբաններն անընդհատ կոնտակտի մեջ պետք է լինեն զորամասերի հրամատարների հետ: Հարամանատարներ են լինում, որ հարցնում են՝ մի տղա այսպիսի պահվածք է ցուցաբերում, հնարավո՞ր է, որ նրա քայլերն ինքնասպանության տանեն, որո՞նք են նշանները, ինչպես զգալ այդ ազդակները, կանխարգելել: Մենք այդ ուղղությամբ ենք ուզում աշխատել, որ օգնենք հրամանատարներին զինվորների հետ հարաբերություններում ճիշտ կողմնորոշվելու համար»,-ասաց նա:

 

Անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում սահմանին տիրող լարվածությանը՝ հոգեբանը նշեց, որ վտանգի զգացումը համախմբել է հասարակությանը, ինչը բացատրելի է հոգեբանական տեսանկյունից:


«Միահամուռ ինչ-որ բան կա: Այսօր տեսնում ենք, որ Հասարակության տարբեր շերտեր, տարբեր հարցերի նկատմամբ ամենատարբեր դիրքորոշումներ ունեցող մարդիկ նույն պլատֆորմի վրա են կանգնած, որովհետև հոգեբանական մի այսպիսի օրենք կա՝ վտանգի զգացողությունը, գիտակցումը համախմբում է, «մենք»-ի զգացողությունը ուժեղ է դառնում: Այսինքն՝ եթե կա թշնամի, որի համար բոլորս թշնամիներ ենք, սրանով բոլորս մի ընդահուր հատկանիշով այս պահին հարազատ ու մոտ ենք իրար: Նույնիսկ՝ այն մարդկանց մոտ, ում մոտ «մենք»-ի, ազգի, հայրենիքի զգացումն առանձնապես ուժեղ չի եղել, այսօր վերելք է ապրում: Այսօր վերելքի տրամադրություններ եմ տեսնում, ինչը հոգեբանորեն բացատրելի է»,-ասաց նա: