Ադրբեջանցի Օրհան Զեյնալովի պաշտպանությունը բողոքարկել է մեղադրական դատավճիռը

14:18 • 05.08.14

Ադրբեջանցի Օրհան Զեյնալովի պաշտպանությունը բողոքարկել է մոսկովյան դատարանի կայացրած վճիռը, հայտնում է interfax.ru-ն: Ըստ այդ վճռի՝ Զեյնալովը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 17 տարվա ազատազրկման՝ Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության համար: Այս միջադեպն անցած աշնանը մեծ աղմուկ էր բարձրացրել Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում, ինչը հանգեցրել էր բողոքի ակցիաների:

 

«Քանի որ բողոքարկման դիմումը կա՝ նշանակում է, որ դատարանի վճիռն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ բողոքարկման դիմումին պատասխան չի տրվել»,- Интерфакс-ի լրագրողին հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայության ղեկավար Ուլյանա Սոլոպովան:

 

Հիշեցնենք, որ Զեյնալովը ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին: Նա փորձել էր թաքնվել ոստիկանությունից՝ հայրենիք՝ Ադրբեջան վերադառնալու համար: Քննության ընթացքում նա կտրականապես ժխտել էր մեղադրանքը և տեղի ունեցածի տարբեր վարկածներ էր առաջ քաշել՝ սկսած ինքնապաշտպանությունից մինչև դեպքի վայրում չլինելը:

 

Քննիչները, սակայն, վերականգնել են տեղի ունեցածի ամբողջական պատկերը: Իրականացված փորձաքննությունների, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում ինքնապաշտպանվելու վարկածը հերքվել է:

 

Օրհան Զեյնալովը մեղադրվել է խուլիգանական դրդապատճառներով իրականացված մարդասպանության համար: