Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր հանգրվան է, սակայն ճանաչման գործընթացի ավարտական փուլ չէ. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ իրենք կազմել են 2014-2015 թթ.. միջոցառումների ծրագիր, որը ներկայացված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին:
«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր հանգրվան է Ցեղասպանության ճանաչման գործում, սակայն այն պետք է չդիտվի որպես գործընթացի ավարտական փուլ, այլ դառնա նոր սկիզբ: Այդ նպատակով մեր գործունեությունը պետք է լինի ոչ միայն մինչև 100-րդ տարելիցը, այլ հեռանկարային իմաստով՝ Ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ կատարված հանցագործության պայքարի համատեքստում իրականացվող գործընթաց»,- ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ անցկացվող Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովին ասաց Շավարշ Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀՀ-ն այդ իմաստով փորձում է համախմբող և առաջատարի դիրք ստանձնել` վերոնշյալ գործընթացում առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Ժնևում մարդու իրավունքների խորհրդում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը:
«Մենք մեր տեսադաշտում ենք պահում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման դեմ ծրագրված և իրականացվող ջանքերը: Մենք շատ ուշադիր հետևում ենք այն քայլերին, որը կատարում են Թուրքիայի իշխանությունները՝ ուղղված ժխտողական քաղաքականությանը: Մենք շատ քաջ տեղյակ ենք այն հանդիպումների մասին, նաև փակ հանդիպումների մասին, որոնք տեղի են ունեցել Թուրքիայի ԱԳՆ-ում, այն հրահանգների մասին, որոնք տրվել են դեսպաններին՝ մասնավորապես անձնական կապեր հաստատել ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ, մտնել տարբեր մակարդակի շփումների մեջ, ՀԿ-ների միջոցով կապեր հաստատել: Այդ բոլորի նպատակը ոչ թե ուղղված է նրան, որ այս երկու ժողովուրդների մեջ այդ սեպը, անդունդը հաղթահարվի, այլ հետապնդում է այլ նպատակ. հարյուրերորդ տարելիցից առաջ փորձում են դա որպես շղարշ օգտագործել՝ ներկայացնելու միջազգային հանրությանը, թե տեսեք, խնդիր չկա, հայերը և թուրքերը տարբեր ասպարեզներում բանակցում են: Մենք այստեղ իրոք ունենք խնդիր»,-ասաց նա:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ Թուրքիան հենց ապրիլի քսանհինգին մեծ միջոցառում է կազմակերպում, և արդեն հրավիրել է 40 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և դա անում է հենց այդ օրը, որպեսզի շեղի միջազգային հանրության ուշադրությունը ապրիլի քսանչորսից: «Ոչ առանց Թուրքիայի դրդմամբ՝ որոշ երկրներ ներկայացնում են Ցեղասպանության հարցը որպես թուրք և հայ ժողովուրդների միջև հիմնախնդիր, թե իբրև հնարավոր է այն լուծել հայերի և թուրքերի միջև երկխոսության միջոցով: Սա իրականությունը գլխիվայր շուռ տալու փորձ է»,-ասաց նա և ավելացրեց, որ չի կարելի Ցեղասպանություն կազմակերպիչներին և զոհերին նույն հարթության վրա դնել:










