Շվեդիայի հարավում հրդեհների պատճառով մոտ 6.000 մարդ է տարհանվում
Շվեդիայի հարավում ավելի քան 1.200 մարդ արդեն տարհանվել է, 4.500 մարդ էլ ծանուցում է ստացել անհապաղ տարհանման վերաբերյալ։ Երկրի այդ հատվածում խոշոր անտառային հրդեհ է, հայտնում է РИА Новости-ն։
Դեռևս հաղորդվում է մեկ զոհի և մեկ տուժածի մասին։ «Շվեդիայի ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր հրդեհը շարունակվում է տարածվել, դեռ չի հաջողվում հրդեհը հսկողության տակ առնել»,- հայտնել է NRK հեռուստառադիոընկերությունը։
Հրդեհը շարունակվում է արդեն 5-րդ օրը։ Փրկարարները հույս ունեին, որ իրենց կհաջողվի հրդեհը վերահսկողության տակ առնել երեքշաբթի առավոտյան, սակայն օդի ջերմաստիճանն այդ շրջանում բարձրացել է մինչև 35 աստիճան, և քամին է՛լ ավելի է բորբոքել կրակը։
Օդից հրդեհը հանգցնում են 13 ուղղաթիռներ, սակայն դա բավարար չէ։ Շվեդիան արդեն դիմել է Եվրոպական հանձնաժողով՝ խնդրելով միջազգային օգնություն հատկացնել։ Փրկարարները Ֆրանսիայից 2 ինքնաթիռի ժամանման են սպասում։










