Տուապսեում զբոսաշրջիկը լուսանկարվել է թունավոր կոբրայի հետ և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք
ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի լողափերից մեկում լուսանկարիչներից մեկը հանգստացողներին առաջարկել է որոշակի վճարի դիմաց լուսանկարվել թունավոր կոբրայի հետ, հայտնում է lifenews.ru-ն:
46-ամյա զբոսաշրջիկին լուսանկարելու պահին կոբրան կծել է կնոջ ձեռքը, որից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ ձեռքի ահռելի այտուցով:
ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի օգնական Նատալյա Սմատսկայան ասել է, որ լուսանկարիչը ոչ մի համապատասխան փաստաթուղթ իր գործունեության և սողունին պահելու համար չի ունեցել: Լուսանկարչի խոսքով՝ նա օձին ձեռք է բերել Կրասնոդարի շուկաներից մեկում:
Սողունը հնդկական թունավոր կոբրայի ընտանիքին է պատկանում:
Ներկայում լուսանկարիչը ձերբակալված է, իսկ կինը ծանր վիճակում գտնվում է տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:
Հարուցվել է քրեական գործ՝ «Անհամապատասխան որակի ծառայությունների մատուցում» հոդվածով:










