ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել հարգել հրադադարը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է արել իրականացնել պայմանավորվածությունները կրակի դադարեցման վերաբերյալ, և զերծ մնալ բռնությունից. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Բան Կի Մունը բոլոր կողմերին կոչ է անում հարգել հրադադարի համաձայնագիրը և զերծ մնալ հետագա բռնությունից, շարունակել երկխոսությունը՝ խաղաղ քաղաքական կարգավորմանը շուտ հասնելու համար»,- ասված է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Համաձայն փաստաթղթի՝ Գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, կիսելով նրա մտահոգությունը՝ հակամարտության գոտում վերջին օրերին իրավիճակի սրացման կապակցությամբ:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հրադադարը վերջին օրերին բազմիցս խախտվել է: ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին զոհվել է 25 ադրբեջանցի և 6 հայ զինծառայող:










