Ռուսաստանն օդային դեսանտային զորքեր է տեղակայում Ուկրաինայի սահմանի մոտակայքում

23:10 • 09.08.14

Ռուսաստանն Ուկրաինայի սահմանից 10 կմ հեռավորությամբ օդային-դեսանտային դիվիզիա է տեղակայել: Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը` այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:

«Շարունակվում է ռուսական ռազմական տեխնիկայի կուտակումն ուկրաինական սահմանին: Վեյդելևկա գյուղի մոտ՝ սահմանից 10 կմ հեռու, տեղակայվել է ՌԴ օդուժի օդային-դեսանտային ստորաբաժանումը»,-նշել է նա:

Լիսենկոյի խոսքով՝ ՌԴ Վորոնեժի մարզի «Այդար» պիոներական ճամբարում տեղակայվել է ռուսական տանկային գունդը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն օդուժի և հակաօդային պաշտպանության պլանային զորավարժություններ է իրականացնում երկրի հարավում:


Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին մոտ 20 հազար զինվոր է կուտակել և նրանց կարող է որպես խաղաղապահ ներկայացնել: Դաշինքում կարծում են, որ Ռուսաստանն իր զորքերը կարող է օգտագործել մարդասիրական կամ խաղաղապահ առաքելության անվան տակ: