Դավութօղլուի հայտարարությունը սպառնալիք է ո′չ միայ Հայաստանի, այլև` Ռուսաստանի, Իրանի ու Վրաստանի համար. Լևոն Շիրինյան
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը՝ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին, սպառնալիք է տարածաշրջանին, առաջին հերթին` Ռուսաստանին, Իրանին, նաև` Վրաստանին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և ընդգծեց, որ Թուրքիան ինչպես եղել, այնպես էլ` շարունակում է մնալ «պրովոկատոր»:
«Երկրորդ` նա շարունակում է մնալ Ցեղասպանություն իրականացնող ու շարունակող պետություն և պանթուրքիստ: Ի՞նչ է, ինքը Ադրբեջանի պապա՞ն է, ի՞նչն է: Միանշանակ է, որ Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է նշել, որ Կովկասն այսօր դիտվում է որպես ռուսական ազդեցության գոտի, Թուրքիան՝ այս «գորշ գայլը», ուզում է անպայման խցկվել այստեղ, իսկ այդ ճանապարհը Ադրբեջանի միջոցով է: Այսքանով արդեն դա սպառնալիք է Ռուսաստանի պետական շահերին, մանավանդ` այս պարագայում, երբ խզվել են ռուս-ուկրաինական հարաբերությունները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ և հայտնել նրան Թուրքիայի աջակցության մասին:
Միաժամանակ Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ եթե «գորշ գայլը» խառնվել է իրար, ուրեմն` Հայաստանի «գործերը» Անդրկովկասում լավ են:
«Թուրքիան ոչնչացված, ատամները փշրած Ադրբեջանի հեղինակությունն է ուզում փրկել, փշրվել է Ադրբեջանը: Ես վստահ եմ, որ ադրբեջանական գործողությունները ղեկավարել են թուրքական հատուկ ծառայությունները: Հայկական բանակը իրականում նրանց բոլոր հաշիվները խառնել է, հիմա ուզում են Ալիևի հեղինակությունը փրկել: 20 տարի է` հոխորտում էին, բայց բանակը փայլուն համազգեստով ու շքանշաններով չէ»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ի սրբազան գործն է` պատասխանել նման բովանդակություն ունեցող բոլոր հայտարարություններին:
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի ռազմական գործընկեր Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, լռում է, նա պատասխանեց. «Ռուսաստանի հարցը շատ ենք մատի փաթաթան սարքում: Արաքսի տարածքում մեր սահմանը կայուն մնում է, ու կասկած չկա, որ այդտեղով թուրքը չի կարող մտնել, այդքանով Ռուսաստանն իր պարտականությունները Հայաստանի նկատմամբ կատարում է: Արևելքում մնացածը մեր գործն է»,-ասաց նա:










