Օբաման խոստացել է, որ ԱՄՆ-ն Իրաքում ևս մեկ պատերազմի չի մասնակցի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենշաբաթյա ուղերձում հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ-ի մասնակցությամբ ևս մեկ պատերազմ տեղի չի ունենալու:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է, որ Իրաքի տարածքում ավիահարվածները շարունակվելու են ըստ անհրաժեշտության:
«Որպես գերագույն գլխավոր հրամանատար` ես թույլ չեմ տա, որ ԱՄՆ-ին Իրաքում պատերազմի մեջ ներքաշեն»,-ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ իրենք չպետք է միջամտեն «աշխարհում առաջացող ամեն մի ճգնաժամի», բայց և չեն կարող թույլ տալ խաղաղ բնակիչների զոհվելը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ ահաբեկիչները մշտական ապաստան ունենան, որտեղից էլ կկարողանան հարձակվել Ամերիկայի վրա»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ Իրաքի հյուսիսի քրիստոնյաներին և եզդիներին ցեղասպանություն է սպառնում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից:










