Սոչիի հանդիպման հիմնական արդյունքը կողմերի հայտարարությունն է, թե ռազմական ուժով Ղարաբաղի խնդիրը լուծելի չէ. Գագիկ Հարությունյան

12:14 • 11.08.14

Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ Սոչիում կայացած` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Նախագահների հանդիպման հիմնական արդյունքը նա է, որ կողմերը հայտարարեցին, որ ռազմական ուժով խնդիրը լուծելի չէ:


Նա գտնում է, որ այսօր ամբողջ աշխարհում անհանգիստ և բարդ իրավիճակ է: Իսկ ծայրահեղական երկրները փորձում են ինչ-որ դիվիդենտներ շահել նման իրավիճակում, ինչպես օրինակ Ադրբեջանը:


«Երբ աշխարհաքաղաքական գլխավոր դերակատարները զբաղված են այլ խնդիրներով, նա փորձում է այլ դիվիդենտներ շահել: Եվ այս իրավիճակում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում»,-այսօր կայացած ասուլիսին ասաց Գագիկ Հարությունյանը և ավելացրեց, որ բոլոր պարագաներում հանդիպումը շատ անհրաժեշտ և տեղին էր, որից կարելի է հասկանալ հետևյալ տրամաբանությունը. ամեն անգամ հանդիպումներից առաջ տեղի է ունենում ուժի որոշակի էսկալացիա, այս անգամ կոտրվեց այդ էսկալացիան:


Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահի առաջարկած փոխզիջումների տարբերակին, ապա նա նշեց, որ այդ տարբերակը մշտապես ենթադրվում է, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ են կողմերը հասկանում փոխզիջումների տակ: Ըստ նրա՝ դա ենթադրում է նաև սահմանին որոշակի խաղաղարար ուժերի տեղակայում:


Բանախոսը նաև հիշեցրեց, որ Ռուսաստանը մեծ տերություն է, ունի իր շահերը, և Հայաստանը դա պետք է հաշվի առնի: Իսկ վերջին օրերի լարվածության մասին ավելացրեց. «Օրինակ՝ Գյումրիի ռուսական զորակայանում ինտենսիվ գործողություններ են գնում այս ընթացքում: ՀԱՊԿ-ի պայմանագիրը գործում է և ցանկացած վտանգ Հայաստանին ուղղված ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում կլինի»:


Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու հանգամանքին՝ բանախոսն ասաց. «Ռուսաստանին Հայաստանը երբեմն չի վճարում այն գումարը, ինչ Ադրբեջանն է վճարում սպառազինության համար: Բայց միշտ դրան զուգահեռ մենք ստանում ենք այն հակազդեցության միջոցները, որոնք անհրաժեշտ են: Ինձ ավելի անհանգստացնում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանից գնել զենք»: