ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մոնոպոլիզացիան վտանգավոր է. Կարեն Բեքարյան

14:12 • 11.08.14

Եվրոպական ինտեգրացիա հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկի կողմից գործընթացում առաջնային դիրք ունենալուն, ասաց, որ այն վտանգավոր է։


«Ուժային կենտրոններից որևէ մեկի կողմից ղարաբաղյան կարգավորման գործընթացի մոնոպոլիզացիան վտանգավոր է, և կապ չունի դա Ռուսաստանն է, ԱՄՆ-ը, թե Եվրամիությունը։ Սակայն, եթե խոսքը վերաբերում է յուրաքանչյուրի կողմից ինչ-որ էլեմենտում ինչ-որ առաջընթաց ապահովելուն, ապա թող ապահովեն»,– ասաց նա։


Անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ նա ասաց, որ ցանկացած հանդիպում իր մեջ ունի լիցքաթափման նշանակություն։


Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակային նշանակությանը, ապա Կարեն Բեքարյանը նկատեց, որ ադրբեջանական հոխորտանքը, երբ Բաքվից հասնում է պաշտոնական հանդիպման պարզվում է, որ իրենք պատրաստ են խաղաղ կարգավորման։


«Սոչիում, կարծում եմ, Ադրբեջանը փորձեց իր դեմքը փրկել։ Գովելի է այն հանգամանքը, որ Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր եղավ լիցքաթափման թեև փոքրիկ էլեմենտն ապահովել։ Սակայն միևնույն ժամանակ չպետք է լինենք միամիտ, Ալիևը մեկ անգամ չէ, որ տված խոստումից հրաժարվել է և վստահության աստիճանը շատ ցածր է»,- ասաց նա։


Նույն Արևմուտքին պատերազմ պետք չէ, քանի որ եթե Հարավային Կովկասը մտնում է պարտերազմի մեջ, ապա տարածաշրջանում Արևմուտքի դերը նվազում է, և տարածաշրջանը հայտնվում է քաոսում։


«Սա իր հետ բերում է նրան, որ եվրոպացիները ստիպված են լինելու շատ ավելի մեղմ տոնայնությամբ խոսել Ռուսաստանի հետ»,- ասաց նա և ավելացրեց, որ Արևմուտքը չափն անցավ Ադրբեջանի «գլուխը շոյելով» ու շատ բաներ ներելով։