Չեմ կարծում, թե Ադրբեջանը մնացել էր Հայաստանի ընդդիմության ասածների հույսին. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, թե Ադրբեջանը մնացել էր Հայաստանի ընդդիմության ասածների հույսին՝ իմանալու համար, թե երկրում արտագաղթ կա։
«Արտագաղթի հետ կապված տարբեր չափորոշիչներ գոյություն ունեն, և դրանում մեղադրել ընդդիմությանը ճիշտ չէ, այլ կարծում եմ, որ պետք է մեղադրել իշխանություններին, թե ինչ են անում այդ ամենը կանխելու համար և ինչո՞ւ է արտագաղթը տեղի ունենում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ»։
Արմեն Մարտիրոսյանը գտնում է, թե իմանալու համար որքան է Հայաստանի բնակչությունը կազմում, պարզապես կարող են մաքսակետում հարցնել, թե որքան է Վրաստանի տարածքով սննդամթերք ներմուծվում Հայաստան, բացի այդ ԱՎԾ-ի հրապարակած աշակերտների թվի հիման վրա կարելի է եզրահանգումներ անել։
Դիտարկմանը, թե ոչ ուղղակիորեն Սերժ Սարգսյանը մեր ընդդիմությանը կոչ է անում Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իշխանությունն իր գործունեությամբ է ջրաղացին ջուր լցնում, քանի որ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծում՝ կեղծած ընտրություններով, կոռուպցիայով, մոնոպոլ տնտեսությամբ, անարդարություններով, հովանավորչությամբ, որ քաղաքացիներն արտագաղթում են»։
Նրա գնահատմամբ «ժառանգությունը», ինչպես նաև ամբողջ ընդդիմադիր դաշտը միշտ էլ զուսպ է եղել, սակայն իշխանությունները երբեք դա չեն գնահատել։










