ԱՄՆ-ն տարհանել է Բաղդադում իր դեսպանատան աշխատակիցների մի մասին
ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներով տարհանել է Բաղդադում իր դեսպանատան և Էրբիլում գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մի մասին: Ւրաքում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմերը ժամանակավորապես տեղափոխվել են Բասրա (Իրաք) և Ամման (Հորդանան):
Այդ մասին ասված է օգոստոսի 10-ին ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած՝ արտասահման մեկնող ամերիկացիների համար նախազգուշացման մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես նշվում է այդ փաստաթղթում, ԱՄՆ իշխանությունները որոշել են կրճատել Իրաքի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան և Էրբիլում գլխավոր հյուպատոսության անձնակազմի թիվն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կտրուկ ակտիվացման պատճառով: Վաշինգտոնն «Իրաքում ԱՄՆ դեսպանատան անձնակազմին սպառնացող պոտենցիալ վտանգը լուրջ է համարում», ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն նաև հերթական անգամ խորհուրդ է տվել ամերիկացիներին այս փուլում խուսափել Իրաք այցերից, եթե չկա ծայրահեղ անհրաժեշտություն:
Հայտնի է դարձել նաև, որ այսպես կոչված «կանաչ գոտում»՝ հատուկ պահպանվող թաղամասում, որտեղ տեղակայված են դիվանագիտական ներկայացուցչություններն ու պետական հաստատությունները, կենտրոնացվել է զրահատեխնիկա և ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումներ:










