Ադրբեջանը սկսեց զգալ գլուխը շոյվող երեխայի դերում, երբ ամեն ինչ սկսվեց թույլատրվել. Կարեն Բեքարյան
«Եվրոպական ինտեգրացում» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը կարծում է, որ սահմանի լարվածության հարցում Մինսկի խմբի եռանախագահները իրենց պատասխանատվությունն են կրում:
«Մենք պետք է փաստենք, որ հակահարվածը առավել քան հուժկու էր, և ի հաշիվ մեր զինվորականության՝ Ադրբեջանի բոլոր նախատեսված պլանները հօդս ցնդեցին»,-մամուլի ասուլիսում ասաց Կարեն Բեքարյանը և նշեց, որ այնուհանդերձ դրանից չի բխում, որ Ադրբեջանը նման փորձեր այլևս չի անի:
«Անվտանգության համար մեկ երաշխիքը մեր բանակն է»,-ասաց բանախոսը և նշեց, որ քաղաքացիական հասարակության, իշխանության և սովորական քաղաքացու բարոյական աջակցությունը պետք է այնքան հստակ լինի, որ բարոյահոգեբանական ոգին երբեք չարձանագրի նվազում:
Կարեն Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանը փակ հասարակության համակարգ է: «Միֆ է, երբ ասվում է, թե Ալիևը իր երկրի ներսում ամեն ինչ վերահսկում է»,-ասաց նա և հղում կատարեց այդտեղի ձերբակալություններին: Նա կարծում է, որ Ադրբեջանի իշխանական վարչակազմը իրեն հանգիստ չի զգում և սեփական հանրության ուշադրության շեղումը կատարում է՝ ի հաշիվ ԼՂՀ-ի նկատմամբ գործողությունների:
Բանախոսը նկատեց, թե բոլորն էլ հասկանում են, որ ռեսուրսներով, աշխատած գումարներով Ադրբեջանն առաջ է ընկել Հայաստանից և Վրաստանից, սակայն բնակիչների սոցիալական վիճակը երեք երկրներում գրեթե նույնն է, ինչ չի կարող չնյարդայնացնել Ադրբեջանի բնակչությանը: Կարեն Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ իրենք զինվում են, պատրաստվում են, թեև բոլորն էլ պատկերացնում են, թե ինչ «մսխումներ» են եղել:
Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները, լարվածություն ստեղծելով, հասարակությանը փորձում են ցույց տալ, որ ունեն հզորություններ, մեծ քանակությամբ գումարներ են ծախսել և անընդհատ սեփական հանրությանը ցույց են տալիս, որ ուժային լուծման են պատրաստվում։ Սակայն, ըստ Կարեն Բեքարյանի, Ադրբեջանի ղեկավարությունն իրականում չի ցանկանում պատերազմ, քանի որ գիտակցում է, որ դա իր վերջը կլինի:
«Շատ վտանգավոր է այդ ձեռագիրը, և նաև դրա արդյունքն է, որ մենք ասում ենք՝ պատերազմի հավանականությունը զրո չէ, կան պահեր, որ երբեմն այն աճում կամ նվազում է»,-ասաց նա:
Ի դեպ, Կարեն Բեքարյանը նկատեց, որ Հայաստանի արևմտյան գործընկերները բացթողում արեցին՝ առաջնորդվելով շահերով, ոչ թե արժեքներով, ինչ հետևանքով Ադրբեջանն ավելի ցինիկացավ: «Ադրբեջանը սկսեց զգալ գլուխը շոյվող երեխայի դերում, երբ ամեն ինչ սկսվեց թույլատրվել»,-ասաց նա և հավելեց, որ թեև Ռուսաստանը նշում է, որ Ադրբեջանին զենք վաճառելը միայն բիզնես է, սակայն Ադրբեջանի պատկերացումն այդպիսին չէ:
Կարեն Բեքարյանը գտնում է, որ սահմաններում իրավիճակն աննախադեպ սրելով՝ Ալիևը փորձել է դիրքերն ամրապնդել և խոսել ուլտիմատումներով. «Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մարդկանց կյանքերի հաշվին դիվիդենտներ շահել, և դրանով ամրացնել սեփական իշխանությունը»,-ասաց նա:










