Արձակուրդ նախկին ԽՍՀՄ-ում կամ 14 վայր, որ պետք է տեսնել. Forbes-ի անդրադարձը Հայաստանին

12:00 • 11.08.14

Նախկին Խորհրդային միությունը յուրօրինակ պետություն էր, որի քաղաքացիները հիմնականում զրկված էին արտերկիր այցելելու հնարավորությունից: Այժմ, թեև նախկին ԽՍՀՄ քաղաքացիներն ունեն նման հնարավորություն, Forbes.ru-ն ներկայացնում է ԽՍՀՄ 14 երկրների տեսարժան վայրերը, որոնք պետք է տեսնել:

 

Ցանկում ներառված է նաև Հայաստանը, ինչպես նաև՝ հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը: Հեղինակավոր պարբերականն առաջարկում է նավթային «բուժիչ լոգանքներ» ընդունել Ադրբեջանում կամ բացահայտել Վրաստանի ավանգարդ ճարտարապետությունը:

 

Հայաստանի մասին անդրադարձը ներկայացնում ենք ամբողջությամբ.


«Ինչո՞ւ մեկնել. տեսնելու աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիները:
 

Մուտքի արտոնագիր. ՌԴ քաղաքացիներից չի պահանջվում 90-օրյա ժամկետում:

 

Ինչպես հասնել. ինքնաթիռով (Մոսկվայից մոտ 3 ժամ):

 

Հայաստանն աշխարհի հնագույն քրիստոնյա երկրներից է. առաջին հավատացյալներն այստեղ հայտնվել են արդեն 1-ին դարում, իսկ 301 թ.-ին, Տրդատ 3-րդի որոշմամբ երկիրն ընդունեց քրիստոնեությունը: 

 

Աշխարհի առաջին երկիրն է, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել: Միայն այստեղ է հնարավոր այցելել եկեղեցիներ և վանքեր, որոնց տարիքը գերազանցում է 1000 տարին:

 

Առաջին վայրը, որ մտաբերում ենք այս երկրի մասին խոսելիս, բիբլիական Արարատն է, որի վրա հանգրվանել է Նոյան տապանը: Սակայն այն Թուրքիայի տարածքում է, և այդ պատճառով էլ դրան հասնելու համար պետք է հատել սահմանը. երկու երկրների միջև լարված հարաբերությունների պատճառով ավելի լավ է դա անել ինքնաթիռով կամ Վրաստանի տարածքով:

 

Սակայն Հայաստանում հսկայական քանակությամբ հետաքրիր վայրեր և պատմական հուշարձաններ կան, որոնք ուշադրության են արժանի:

 

Դրանց թվում է Գառնու հեթանոսական տաճարը, որը գտնվում է Երևանից 27 կմ հեռավորությամբ՝ լեռներում: Տաճարը գտնվում է հրաշալի տեղանքում՝ անդունդի եզրին, որի միջով հոսում է Ազատ գետը:

 

Գետի հոսանքին հակառակ՝ Գառնու տաճարից 7 կմ հեռու, գտնվում է ևս մեկ հատկանշական պատմական հուշարձան. Գեղարդավանքը:

 

Գառնու տաճարի հետ Գեղարդը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

 

Վանական համալիրի մի մասը ժայռափոր է: Այն այժմ էլ գործող եկեղեցի է, և եթե Ձեր բախտը բերի, հնարավոր կլինի արարողության, օրինակ՝ կնունքի ականատես լինել:

 

Տրամաբանական է Գառնու տաճար և Գեղարդ այցելել մեկ էքսկուրսիայի ընթացքում: Դա կտևի մեկ օր և կարժենա 2.730 ռուբլի՝ մեկ անձի համար: Գնի մեջ մտնում է ճանապարհածախսը, մուտքի տոմսերն ու ռուսախոս էքսկուրսավարի ծառայությունը:

 

Անպայման պետք է այցելել նաև Էջմիածին՝ Հայ առաքելական եկեղեցու մայր տաճար:

 

Տաճարի հետ լեգենդ է կապված, համաձայն որի Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգորին դրա կառուցման վայրը հուշել է Հիսուս Քրիստոսը: Էջմիածնի տաճարը տեղակայված է Վաղարշապատ քաղաքում՝ Երևանից 20 կմ հեռավորությամբ: 5 ժամանոց էքսկուրսիան՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ, 3 հոգանոց խմբի համար կարժենա 2.350 ռուբլի»:
 

Այլ տեսարժան վայրերի մասին կարող եք կարդալ այստեղ: