Իրանական Ան-140 ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են՝ մինչ տեղի ունեցած վթարի հանգամանքների բացահայտումը

12:39 • 11.08.14

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին տրանսպորտի նախարարությանն արգելել է թռիչքներ իրականացնել Ան-140 իրանական արդիականացված ինքնաթիռներով, քանի դեռ չի բացահայտվել մայրաքաղաքային օդանավակայանում տեղի ունեցած վերջին ավիավթարի պատճառը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Նախօրեին երեկոյան տեղի է ունեցել Իրանի կառավարության նիստ: Տրանսպորտի և պաշտպանության նախարարները նախագահին զեկուցել են կիրակի օրը Թեհրանում տեղի ունեցած ողբերգության մասին, որի հետևանքով մոտ 40 մարդ էր զոհվել:

 

Ան-140-«Իրան-140» ինքնաթիռը, որը պատկանել է տեղական ավիաընկերություններից մեկին, իրականացնելիս է եղել ներքին չվերթ՝ Թեհրանից դեպի Իրանի արևելքում Թաբաս քաղաք: Ինքնաթիռում եղել է 40 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:


Զոհվել է 39 մարդ, 9-ին հաջողվել է փրկվել:

 

Իրանի քաղաքացիական ավիացիան լուրջ խնդիրներ ունի միջազգային պատժամիջոցների պատճառով, որն արգելում է այդ երկրին ժամանակակից ինքնաթիռներ ու պահեսատամասեր վաճառել: Իրանական ինքնաթիռների միջին տարիքը գերազանցում է 20 տարին: