93-ամյա արքայազն Ֆիլիպը զարմացրել է աշխատակիցներին՝ ճանապարհին գտնվող սրճարան այցելելով

15:22 • 11.08.14

Մեծ Բրիտանիայի 93-ամյա արքայազն Ֆիլիպը զարմացրել է իր աշխատակիցներին՝ այցելելով ճանապարհին գտնվող Little Chef ռեստորանը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Sun-ին:

 

Էլիզաբեթ II-ի ամուսինը Հարավային Յորքշիրի Դոնքասթեր քաղաքի մոտակայքում գտնվող սրճարանում մնացել է մոտ 15 րոպե:

 

Ականատեսներից մեկի խոսքով՝ սրճարանի մոտ հանկարծակի հայտնվել է էլիտար ավտոմեքենաների շարասյուն: «Բոլորը փորձում էին կռահել, թե ով է եկել: Այնուհետ մենք հասկացանք, որ դա դուքսն է»,- հայտնել է աղբյուրը:

 

Առկա տեղեկությունների համաձայն՝ ինքը՝ արքայազն Ֆիլիպը, ռեստորանում չի նախաճաշել, սակայն նրա շրջապատի մի քանի ներկայացուցիչներ սուրճ են պատվիրել:

 

Հայտնի չէ, թե դքսին հետաքրքրել է Little Chef-ի «Թագավորական նախաճաշը», թե ոչ, սակայն ինչպես նշել է ռեստորանների ցանցի մամուլի քարտուղարը, հաջորդ անգամ արքայազն Ֆիլիպը կարող է հետաքրքրվել այդ ճաշատեսակով: