Պուտինը մտել է այնտեղ, որտեղից ամբողջական դուրս չեն գալիս. Սաակաշվիլի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ հեռուն է գնացել Ուկրաինայի հարցում, և Ռուսաստանն արդեն չի կարող կորուստներ չունենալ: Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Վերջին ամիսներին ես շատ եմ ճանապարհորդել Ուկրաինայում: Եվ մարդիկ խոսում են բարեփոխումների մասին, ուզում են, որ կոռուպցիա չլինի, նախկին պրակտիկան չշարունակվի: Մարդիկ պատրաստ են պատերազմի, սակայն չեն ցանկանում, որ դա տեղի ունենա: Դա ուկրաինացի ժողովրդի ընտրությունը չէ: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հեռանկար չունի: Պուտինը մտել է այնտեղ, որտեղից ամբողջական դուրս չեն գալիս: Ղրիմը նրան հեշտ թվաց, և, հավանաբար մտածեց, որ Ուկրաինայի արևելքը կխոնարհվի, հարավը կխոնարհվի, և ռուսական մեծ կայսրությունը կվերականգնվի»,-ասել է նա «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ «ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը նշել է, որ այն բոլոր փաստարկները, որոնք Ռուսաստանը բերում է այժմ՝ Ուկրաինայի հարցով, նույն Չուրկինը, Լավրովն ու Պուտինի շրջապատը բերում էին Վրաստան ներխուժումից առաջ»:
«Այսինքն՝ դրանում ոչ մի լավ բան չկա: Ամերիկացիները ևս մեկ անգամ հիշեցրել են, որ իրավիճակները շատ նման են: Մենք հույս ունենք, որ Ուկրաինայի պայմաններում կհաջողվի կանխել վատթարագույնը: Չնայած Պուտինը քննարկում է տարբեր տարբերակներ»,-ասել է Սաակաշվիլին:










