Ռուսաստանում արտասահմանյան համարներով մեքենաների վարորդներին պարտավորեցրել են մաքսային փաստաթղթեր ունենալ

09:34 • 12.08.14

Ռուսաստանում արտասահմանյան համարներով ավտոմեքենաների վարորդներն օգոստոսի 12-ից պետք է մեքենայի մաքսային փաստաթղթեր ունենան, գրում է Взгляд-ը:

 

«Օգոստոսի 12-ից միջազգային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցների կանգնեցման դեպքում դրանց վարորդների մոտ գրանցման փաստաթղթերի և վարորդական իրավունքների ստուգումից բացի, կհսկվի նաև Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ, այդ թվում՝ մաքսային մարմինների հետ համագործակցությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերի առկայությունը»,- ասել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով երկրի կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթևեկության կանոններում տեղ գտած փոփոխությունները:

 

Նրա խոսքով՝ մեքենաների վարորդները ոստիկանների պահանջով պետք է ցույց տան մաքսային նշանով փաստաթղթերը, որոնք հաստատում են ավտոմեքենայի ժամանակավոր մուտքը երկրի տարածք: Այժմ արտասահմանցիներն իրավունք ունեն ժամանակավորապես Մաքսային միության տարածք մտցնել այլ երկրներում գրանցված ավտոմեքենաներ իրենց այցի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մեկ տարի՝ ազատվելով մաքսատուրքերի վճարումներից:

 

Ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունում հայտնել էին, որ Ռուսաստանում ճանապարհային երթևեկության կանոններում տեղ գտած փոփոխությունները, որոնք պարտավորեցնում են երկրի տարածքում արտասահմանյան համարներով վարորդներին միշտ իրենց մոտ ունենալ ավտոմեքենայի մաքսային փաստաթղթեր, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 12-ից: