Թուրքիան անելիք չունի Եվրոպայում. Գերմանիայի Քրիստոնեասոցիալական միություն

13:49 • 12.08.14

Թուրքիայի նախագահական ընտրություններում իսլամիստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո Գերմանիայի Քրիստոնեասոցիալական միությունը (ՔՍՄ), որն ընդգրկված է Գերմանիայի իշխող կոալիցիայի կազմում, կոչ է արել վերջնականապես դադարեցնել այդ երկիրը Եվրամիության կազմում ներառելու շուրջ բանակցությունները, գրում է Deutsche Welle-ն։

 

«Էրդողանյան Թուրքիան անելիք չունի Եվրոպայում։ Ապագա նախագահը կոտնահարի ժողովրդավարական արժեքները, կընդլայնի իր իշխանությունը, կսահմանափակի ԶԼՄ-ների ազատությունը և տհաճ կերպով կարտահայտի իր չարությունն Իսրայելի հանդեպ»,- հայտարարել է ՔՍՄ գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը։

 

Նրա խոսքով՝ ՔՍՄ-ն երբեք չի թաքցրել, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում, և այժմ իրենց կուսակցությունը հույս ունի, որ նման եզրահանգման կգան նաև մյուսները։

«Շատերին, վերջապես, դա պարզ է դառնում, բավական է միայն ուշադիր հետևել Էրդողանի խոսքերին և գործերին»,- նշել է ՔՍՄ գլխավոր քարտուղարը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններ են անցկացվել օգոստոսի 10-ին: