Թուրք ընդդիմադիրները պահանջում են առաջնորդի հրաժարականը՝ ընտրություններում պարտվելու պատճառով

16:52 • 12.08.14

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները պահանջում են կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հրաժարականը:

 

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը նորությունն անսպասելի և աննախադեպ է որակել:
 

Քըլըչդարօղլուի հրաժարականի պահանջ ներկայացրել են կուսակցության շուրջ 100 անդամներ՝ պատգամավոր Էմինե Թարհանի գլխավորությամբ:

 

Կուսակցական պատգամավորներն իրենց պահանջները պատճառաբանել են այն քաղաքականությամբ, որն իրականացնում է Քըլըչդարօղլուն, և որը, ըստ նրանց, հանգեցրեց նախագահական ընտրություններում լիակատար ձախողման:

 

Ընդդիմադիր կուսակցությունը նախագահի պաշտոնի համար առաջադրել էր Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը, սակայն ընտրություններում հաղթել է գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ Իհսանօղլուն ստացել է ձայների ընդամենը 38.44 %-ը: