Չեմ կարծում, որ Ադրբեջանը տրամադրված է փոխել իր քաղաքականությունը. Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Ադրբեջանը տրամադրված չէ իր քաղաքականությունը փոխել։
Tert.am-ի հետ զրույցում նա անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Նախագահները հանձնարարել են միջադեպերի հետաքննություն անցկացնելու համաձայնագիր պատրաստել, Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ առաջին անգամ չէ նման բան հայտարարվում։
«Դա ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի պարտավորությունն է, մինչ այժմ այդ գործողությունները չեն էլ սկսվել։ Ես դա համարում եմ հերթական փորձ, որպեսզի այս ամենին դրական ընթացք տրվի և զինադադարի հաճախակի խախտում տեղի չունենա։ Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանը տրամադրված է փոփոխել իր քաղաքականությունը։ Սա մտածված, հաշվարկված մի քաղաքականություն է, որն Ալիևը որդեգրել է, և չեմ կարծում, որ նա դրանից կհրաժարվի»,-ասաց նա։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանի խախտմանը՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Բոլորովին այլ բնույթ է կրում, երբ խախտվում է Ադրբեջան-Արցախ՝ թեև չճանաչված սահմանը, և երբ խախտվում է Հայաստան-Ադրբեջան սահմանը»,-ասաց նա։










